8 հոկտեմբերի 2021 - 13:54 AMT
Մակունցը Թվինինգին և Նիքսին է ներկայացրել ՀՀ կառավարության 5-ամյա ծրագիրը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը IRI (International Republican Institute) կազմակերպության նախագահ Դանիել Թվինինգի և Եվրասիա տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսի հետ հանդիպմանը ներկայացրել է ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը և ընդգծել նրանում արտացոլված բարեփոխումների ոլորտները, մասնավորապես՝ դատաիրավական, ոստիկանության, կոռուպցիայի դեմ պայքարում։

Դանիել Թվինինգը վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների օրակարգին և բարձր գնահատել ՀՀ Կառավարության ու Ազգային ժողովի ստանձնած հանձնառությունը դրա իրականացման գործում, տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը։

Զրուցակիցներն անդրադարձել են կազմակերպության կողմից Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների, անվտանգային միջավայրի և համավարակի վերաբերյալ վերջերս անցկացված հարցումների արդյունքներին և հավելել, որ մինչև տարեվերջ նախատեսվում է կազմակերպել նոր հարցումներ։

Դեսպան Լիլիթ Մակունցը կարևորել է կազմակերպության գործունեությունը, որի շնորհիվ հավելյալ հնարավորություն է ընձեռվում հասցեագրելու այն խնդիրները, որոնք արտահայտվում են քաղաքացիների կողմից հարցումների արդյունքում։