13 հոկտեմբերի 2021 - 12:47 AMT
Լույո․ Ֆրանսիան, ՌԴ և ԱՄՆ-ի հետ աշխատում է ԼՂ վերաբերյալ տևական համաձայնագրի ուղղությամբ

Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն հայտարարել է, որ Ֆրանսիան, Ռուսաստանի և ԱՄՆ հետ միասին, աշխատում է Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքնման ուղղությամբ, տեղեկացնում է «Ազատությունը»։

Դեսպանը մանրամասներ չի հայտնել, սակայն, հարկ է համարել ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահող երկրների մասնակցությունն այդ գործընթացին։

«Տեղյակ եք, որ ես այստեղ՝ Հայաստանում ներգրավված չեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին։ Գործընկեր ունեմ՝ Ստեֆան Վիսկոնտին, որը Ֆրանսիայի ներկայացուցիչն է ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Սակայն արդեն կարող եմ ձեզ ասել, որ Նյու Յորքում տեղաշարժ է գրանցվել, ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետ հաճույքով կազմակերպել ենք երկու՝ (Հայաստանի ու Ադրբեջանի) արտգործնախարարների հանդիպումը։ Սա կարող է փոքր քայլ թվալ, բայց հսկայական քայլ էր։ Հուսով ենք, նման կարգի այլ որոշումներ ևս կլինեն, և կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք մեր ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների հետ միասին գործում ենք, որպեսզի առաջ մղենք Ղարաբաղի վերաբերյալ ավելի տևական համաձայնագրի կնքմանը միտված գործընթացը»,-ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե հարկավո՞ր է սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացում՝ Ֆրանսիան ներկայացնող դիվանագետը պատասխանել է. «ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն իսկ ակտիվացել է Նյու Յորքում, ինչպես քիչ առաջ ձեզ ասացի։ Մենք միայնակ չենք։ Կարծում եմ, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նույնպես շարժվեն»։

44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց՝ 2021-ի սեպտեմբերի վերջին խումբը կարողացավ հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Նյու Յորքում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ նաև առանձին հանդիպումներ ունեցան։

Հանդիպումներից հետո ղարաբաղյան միջնորդների տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշված էր, որ համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակել աշխատանքը կողմերի հետ` «գտնելու ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր մնացյալ խնդիրների համապարփակ լուծումներ, համաձայն իրենց մանդատի»: