13 հոկտեմբերի 2021 - 15:03 AMT
Միրզոյան․ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ նոր հանդիպման պայմանավորվածություն կա

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում խաղաղ բանակցույթունների վերսկսման հարցին, հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն կա։

«Հանդիպումներ նախատեսվում են։ Գործընթացը շարունակելու և նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն ձեռք բերվել է»,-ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։

Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում խաղաղ բանակցույթունների վերսկսումը։

«Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը միայն այս ձևաչափում ենք տեսնում», - ասել է նա։

Նախարարն ասել է նաև, որ նախատեսվում է համանախագահների այց տարածաշրջան։

44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց՝ 2021-ի սեպտեմբերի վերջին ԵԱՀԿ Մինսկի խումբը կարողացավ հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Նյու Յորքում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ նաև առանձին հանդիպումներ ունեցան։

Հանդիպումներից հետո ղարաբաղյան միջնորդների տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշված էր, որ համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակել աշխատանքը կողմերի հետ` «գտնելու ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր մնացյալ խնդիրների համապարփակ լուծումներ, համաձայն իրենց մանդատի»: