14 հոկտեմբերի 2021 - 12:51 AMT
ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ անորոշ ձևակերպումով վիրավորանքի քրեականացումը վիճարկելու

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան անորոշ ձևակերպումներով լի ծանր վիրավորանքի քրեականացումը վիճարկելու հարցով։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նշվում է, որ խոսքը ՔՕ 137.1-րդ հոդվածի մասին է, որը լի է անորոշ ձևակերպումներով, զուրկ է իրավական կոնկրետությունից, ընդունվել է ընթացակարգային կոպիտ սխալներով:

2021-ին ԱԺ կողմից ընդունված փոփոխություններով Քրեական օրենսգրքում նոր հոդված է ավելացել` 137.1-ը, որ վերնագրված է՝ «Ծանր վիրավորանք»։ Վիրավորանքի համար սահմանվել է մինչև 3 մլն դրամ տուգանք։

ՄԻՊ-ը միջնորդել է նաև կասեցնել ՔՕ 137.1-րդ հոդվածի գործողությունը մինչև ՍԴ-ում գործի դատաքննության ավարտը:

«Նշվում է, որ նախ անթույլատրելի էր այս նախագծի ընդունումն ԱԺ արտահերթ նստաշրջանում՝ առանց լայն քննարկումների, այն էլ «կիսատ ժառանգություն 8-րդ գումարման խորհրդարանին չթողնելու» ձևական պատճառաբանությամբ:

Ակնհայտ է, որ չկան հայհոյանքի և այլ վիրավորանքի թվացյալ շեմը տարբերելու չափանիշները ոչ միայն քաղաքացիների, այլ հենց դատախազության, քննիչների ու փաստաբանների կամ ցանկացած այլ մեկի համար։

Նշվում է, որ հոդվածը հատկապես խնդրահարույց է դարձնում ծանր վիրավորանքի համար խիստ պատասխանատվություն սահմանող մասը, որը պայմանավորված է անձի հանրային գործունեությամբ: «Բայց այս ձևակերպումները սկզբունքային հարցեր են առաջ բերում՝ օրինակ՝ արդյոք հրապարակախոսական գործունեություն են սոցցանցերում լայն տարածում ունեցող տեսաուղերձները, կամ ի՞նչ է քաղաքական գործունեությունը, ի՞նչ է հասարակական գործունեությունը։

Ստացվում է, որ ՔՕ այս հոդվածով ոստիկանությունը պետք է տոտալ ուսումնասիրի սոցցանցերում (Facebook, Twitter, Youtube և այլն) բոլոր տեսակի լրատվամիջոցների ու սոցցանցերի օգտատերերի գրառումները, հրապարակումները, դրանց հազարավոր մեկնաբանությունները: Այս ամենին պետք է ավելացնել կեղծ օգտատերերի ու նրանց մեկնաբանությունների հազարավոր քանակները, դրանք իրական օգտատերերից տարբերակելը: Պետք է հաշվի առնել նաև արտերկրից, օրինակ, սփյուռքից գրառումները:

Հակառակ պարագայում՝ չի ապահովվի օրենքի լիարժեք կիրառություն ու հետևաբար՝ իրավունքի գերակայություն»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ այս ամենը հարցեր է առաջ բերում՝ թե, օրինակ, այս ամենի համար ինչ կարողություններ ունեն իրավապահ մարմինները, դատարանները՝ օրինակ, ի՞նչ անի ոստիկանությունը, եթե քաղաքացին կոնկրետ անձի հայհոյանք կամ վիրավորանք է գրում օտար լեզվով (ասենք, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն կամ լեհերեն):

«Ստացվում է՝ եթե, ասենք, Ոստիկանությունը լիարժեք չարձագանքի գործ ենք ունենալու 137.1-րդ հոդվածի ոչ բոլորի նկատմամբ կիրառության, հետևաբար՝ հատվածական, խտրական մոտեցմամբ կիրառության հետ:Հետևաբար, պետությունն ինքն իրեն, իր իրավապահ ու դատական համակարգերը դարձնում է սեփական անորոշ քայլերի զոհը և տանում է պարտադրված խտրականության»,-ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:

Դիմումում պրակտիկ կոնկրետ օրինակներով ցույց է տրված հոդվածի բացասական ազդեցությունը մարդու սահմանադրական իրավունքների վրա: