14 հոկտեմբերի 2021 - 13:02 AMT
Մատվիենկո․ ՌԴ-ում հուսով են՝ Բաքուն և Երևանը կկատարեն ԼՂ մասով համաձայնագիրը

Ռուսաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման, տնտեսական փոխգործակցության և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ համաձայնագիրն Ադրբեջանի և ՀՀ միջև կիրագործվի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Անշուշտ, անհանգստանում ենք, անշուշտ, ցանկալի է, որ համաձայնագիրը կատարվի, որպեսզի տնտեսական կապերի, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթաց լինի։ Այն ամենը, ինչ ամրապնդում է քաղաքական ջանքերը»,-ասել է Մատվիենկոն Եվրասիական կանանց համաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդյունավետ է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը, որտեղ կողմերը քննարկել են 2020-ի նոյեմբերի 10-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։