14 հոկտեմբերի 2021 - 16:13 AMT
ԱՀ ԿԳՄՍ նախարար․ Դեպի Դադիվանք ուխտագնացությունները վերսկսվելու են

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը տեղեկացրել է, որ դեպի Դադիվանք ուխտագնացությունները վերականգնվելու են` ըստ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի մոսկովյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության:

Ղարախանյանն այդ մասին ասել է ԱԺ-ում «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ, տեղեկացնում է Արմենպրեսը:

«Ռուս խաղաղապահների շնորհիվ մենք պահում ենք Դադիվանքը, այնտեղ 6 հոգևոր սպասավոր ունենք: Այս պահին ժամանակավորապես դադարեցված են ուխտագնացությունները Դադիվանք: Բայց մենք նորից վերականգնելու ենք դրանք՝ օրերս Մոսկվայում տեղի ունեցած Վեհափառ հոր և Կիրիլ պատրիարքի հետ հանդիպման արդյունքներով: Դեպի Դադիվանք ուխտագնացությունները մենք նորից սկսելու ենք»,- ասել է նախարարը:

Նա նշել է, որ դեպի Ամարաս ուխտագնացությունները շարունակվում են: Ղարախանյանը հայտնել է նաև, որ հնարավոր է եղել կանխել Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ավերումը:

Դադիվանքը Հայ Առաքելական եկեղեցու հնագույն վանական համալիրներից է: Արցախի 44-օրյա պատերազմից հետո Դադիվանքը մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ: