Հայաստանը հետաքրքրված է իտալական հանրահայտ Elettronica Group-ի հետ կիբերանվտանգության, մաթեմատիկայի, արհեստական բանականության ոլորտներում փոխգործակցությամբ: Այդ մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է Elettronica Group ընկերության հիմնադրման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ իր ողջույնի խոսքում։
Միջոցառումը տեղի է ունեցել Հրռոմում հոկտեմբերի 12-ին։
Ընդգծելով, որ նշված ոլորտներում մեր երկիրը զարգացման մեծ ներուժ ունի, Հայաստանի նախագահն ասել է, որ իր երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում արհեստական բանականության լավագույն վայրերից մեկը:
Elettronica Group-ը պաշտպանության, կիբերանվտանգության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում ծառայություններ մատուցող աշխարհի առաջատար ընկերություններից է: Ընկերությունը մեծ ռեսուրսներ է օգտագործում հետազոտություններ ու զարգացման ծրագրեր իրականացնելու համար և գրասենյակներ ունի աշխարհի տարբեր կետերում:
Միջոցառմանը ողջույնի խոսքով են հանդես եկել նաև Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոն ու Ֆրանսիայի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար Բրունո լե Մերը:
Elettronica Group-ի 70-րդ տարեդարձի հանդիսությանը ներկա են եղել Իտալիայի պաշտպանության նախարար Կլաուդիո Գրացիանոն, տնտեսական զարգացման նախարար Ջանկարլո Ջորջետին, Իտալական կիբերանվտանգության գործակալության տնօրեն Ռոբերտո Բալդոնին: