14 հոկտեմբերի 2021 - 15:12 AMT
ԶԼՄ․ Կրակոցներ Բեյրութում՝ 3 զոհ կա

Կրակոցներ են հնչել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, որտեղ ցույցի էին դուրս եկել շիաների «Հարաքեթ Ամալ» կուսակցության կողմնակիցները։ 3 մարդ է զոհվել, կան նաև վիրավորներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Լիբանանի ազգային NNA լրատվական գործակալությանը հղումով։

Տեղի ԶԼՄ-ները հայտնել են, որ ինտենսիվ կրակոցները դեռ շարունակվում են։ Լիբանանի բանակի ներկայացուցիչները զգուշացրել են, որ զինվորականները կրակ են բացելու ցանկացած զինյալի ուղղությամբ, իսկ քաղաքացիական անձանց խնդրել են հեռանալ Բեյրութի փողոցներից և խուսաթել տնից դուրս գալուց։

Այժմ Լիբանանի բանակի ուժերը որոնում են կրակ բացած անձանց, պատահարի վայրում զրահատեխնիկա է հայտնվել։

Բողոքի ցույցի մասնակիցները պահանջում էին հեռացնել դատավոր Թարեք Բիթարին, որի վարույթում է գտնվում Բեյրութի նավահանգստում 2020-ին տեղի ունեցած պայթյունի գործը։

Photo. AP