14 հոկտեմբերի 2021 - 16:43 AMT
Մինսկում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կլինի

Ակնկալվում է, որ Մինսկում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպում տեղի կունենա, գրում է ՏԱՍՍ-ը։

Հոկտեմբերի 14-ին Մինսկում գումարվել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստը:

Մինչ այդ մեկնարկել է Լավրով-Միրզոյան երկկողմ հանդիպումը։

«Վերջերս հանգամանալից շփվել ենք Մոսկվայում, սակայն այսօր կարելի է դիտարկել որոշ լրացուցիչ հարցեր՝ և երկկողմ բնույթի, և, անշուշտ, տարածաշրջանային։ Ղարաբաղը միշտ պետք է մեր ուշադրության ներքո լինի»,-ասել է Լավրովը հանդիպման մեկնարկին։

ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստwum ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, կարևորելով նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակումը և ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման անհրաժեշտությունը, շեշտել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը մեծապես կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը։