15 հոկտեմբերի 2021 - 12:36 AMT
Ադրբեջանցիները կրակել են ՊԲ սանմեքենայի ուղղությամբ. Տուժածներ չկան

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։

ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից:

Հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել 6 զինծառայող: