15 հոկտեմբերի 2021 - 17:13 AMT
ԱՀ ԱԱԾ․ Ադրբեջանցիների կրակոցներն արձանագրվել են հայկական կողմում տեղադրված տեսախցիկների կողմից

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը, անդրադառնալով վերջին միջադեպերին, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վերջին օրերին կտրուկ փոփոխվել է կրակոցների ուղղությունը` որպես թիրախ ընտրելով արդեն մարդկային կյանքերը:

Արցախի ԱԱԾ-ն նաև տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ դիմահար կրակոցներն արձակվել են այն աստիճան բացահայտ, որ դրանք արձանագրվել են հայկական կողմում տեղադրված տեսախցիկների կողմից

Հայտարարության մեջ նշվում է, որ 2020թ. հոկտեմբերի սկզբներից սկսած ադրբեջանական կողմը միտումնավոր թույլ է տալիս 2020թ. նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների կողմից եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածության խախտում և արցախա-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում իրականացնում է սադրիչ գործողություններ: Դրանք մեկնարկել են Մարտակերտ քաղաքում քաղաքացիական խաղաղ բնակչի սպանությամբ և շարունակվել շփման գծի տարբեր հատվածներում:

«Եթե նախկինում կրակոցները հաճախ կրել են նախազգուշական նպատակ և ուղղված չէին հայ զինծառայողներին, ապա վերջին օրերին կտրուկ փոփոխվել է կրակոցի ուղղությունը` որպես թիրախ ընտրելով արդեն մարդկային կյանքերը: Հոկտեմբերի 14-ին Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախային գնդակոծության է ենթարկվել նույն գյուղի խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակով դրա մոտակայքում տեղակայված հայկական դիրքը։ Դիմահար կրակոցներն արձանագրվել են հայկական կողմում տեղադրված տեսախցիկների կողմից։

Տեսանյութն ապացուցում է ոչ միայն հակառակորդի սադրիչ վարվելակերպը, այլև ակնհայտորեն վկայում, որ հայկական կողմը հավատարիմ է բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությանը և որևէ վտանգ չի ներկայացնում ադրբեջանական զինվորականների համար»,-ասվում է հայտարարության մեջ:

ԱԱԾ-ն նաև հորդորել է զերծ մնալ դեպքերի առնչությամբ չստուգված, հեռախոսազանգերի միջոցով որոնված թերի կամ իրականությանը բացարձակապես չհամընկնող տեղեկությունները հանրայնացնելուց։

Հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ժամանակ դիպուկահար կրակոցից սպանվել էր քաղաքացիական անձ Արամ Տեփնանցը․ ՀՀ ԱԳՆ համապատասխան հայտարարության մեջ հստակ նշված էր այդ հանցագործությունը պատշաճ կերպով հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։

Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։