15 հոկտեմբերի 2021 - 17:41 AMT
Փաշինյան․ Անհրաժեշտ է ամրապնդել միջադեպերի հետաքննության եռակողմ մեխանիզմները

Հայաստանն անհրաժեշտ է համարում ամրապնդել Լեռնային Ղարաբաղում միջադեպերի հետաքննության եռակողմ մեխանիզմները։ Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստում, գրում է Sputnik Արմենիան։

«Չնայած բոլոր քաղաքական ջանքերին և հակառակ եռակողմ հայտարարությանը, Լեռնային Ղարաբաղում, հայ-ադրբեջանական սահմանին շարունակում են մարդիկ զոհվել։ Այդ կապակցությամբ առաջարկում եմ ամրապնդել միջադեպերի և հրադադարի ռեժիմի պահպանման խախտումների հետաքննության եռակողմ մեխանիզմները»,-ասել է նա։

Հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ժամանակ դիպուկահար կրակոցից սպանվել էր քաղաքացիական անձ Արամ Տեփնանցը․ ՀՀ ԱԳՆ համապատասխան հայտարարության մեջ հստակ նշված էր այդ հանցագործությունը պատշաճ կերպով հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։

Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական կողմը արդեն թիրախավորել է հայ զինծառայողների վրանը ավելի մեծ տրամաչափի զինատեսակով, որի արդյունքում ունեցանք 6 վիրավոր, որոնցից երկուսի վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր:

Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։