15 հոկտեմբերի 2021 - 18:29 AMT
ԱՀ ԱԳՆ․ Բաքվի նպատակն է ագրեսիվ գործողություններով ահաբեկմամբ հասնել Արցախի հայաթափմանը

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է՝ վերջին օրերին Ադրբեջանի կողմից կրկին փորձ է արվում արհեստականորեն լարել իրավիճակը տարածաշրջանում, ընդ որում՝ դա տեղի է ունենում բարձր մակարդակի հանդիպումներին զուգահեռ։

«Ադրբեջանն ագրեսիվ գործողություններով նպատակ ունի ճնշման ու ահաբեկման միջոցով հասնել Արցախի հայաթափմանը։ Այսպիսի քաղաքականությունը նաև հարված է Ռուսաստանին և ռուս խաղաղապահ առաքելությանը։

Արցախի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի քաղաքականությունը որակում է որպես ահաբեչություն և ապակառուցողական դիրքորոշման դրսևորում։

Կրկին անգամ ընդգծում ենք, որ նման քայլերով Արցախին չեն վախեցնելու։ Արցախահայությունը հաստատակամ է ապրել իր պատմական հայրենիքում, պաշտպանել իր ինքնիշխանությունն ու արժանապատվությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ժամանակ դիպուկահար կրակոցից սպանվել էր քաղաքացիական անձ Արամ Տեփնանցը․ ՀՀ ԱԳՆ համապատասխան հայտարարության մեջ հստակ նշված էր այդ հանցագործությունը պատշաճ կերպով հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։

Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական կողմը արդեն թիրախավորել է հայ զինծառայողների վրանը ավելի մեծ տրամաչափի զինատեսակով, որի արդյունքում ունեցանք 6 վիրավոր, որոնցից երկուսի վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր:

Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։