15 հոկտեմբերի 2021 - 19:41 AMT
ՀՀ-ում ռուսական ուղղափառ եկեղեցական համալիր կկառուցվի

Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու եկեղեցական համալիր կկառուցվի՝ մայր տաճարով։ Այդ մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌՈւԵ նորաստեղծ Երևանի և Հայոց թեմի նորանշանակ առաջնորդ, Երևանի և Հայոց թեմակալ, արքեպիսկոպոս Լեոնիդը՝ նշելով, որ դա հեռանկարային խնդիր է նոր թեմի համար։

«Հեռանկարի խնդիրներն են Ռուս ուղղափառ եկեղեցու եկեղեցական համալիրի կառուցումը՝ մայր տաճարով, ինչպես նաև ՀՀ-ուm մեր հավատացյալների հոգևոր աջակցությունը»,-ասել է նա։

Արքեպիսկոպոսը նշել է, որ ՌՈւԵ-ն հիանալի հարաբերություններ ունի Հայ Առաքելական եկեղեցու հետ։

«Մենք աջակցություն ենք զգում և ղեկավարության, և հավատացյալների կողմից։ ՀՀ տարածքում կառուցվում են ուղղափառ եկեղեցիներ՝ ոչ մի խնդիր չեմ տեսնում միջեկեղեցական հարաբերությունների առումով»,-ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուս ուղղափառ եկեղեցու Սինոդը որոշել է թեմ հիմնել Հայաստանի տարածքում։ Կազմավորվող ՌՈւԵ Երևանի և Հայոց թեմի առաջնորդը կկրի «Երևանի և Հայոց թեմակալի» տիտղոսը։ Նստավայրը կլինի Երևանում։

Մոսկվայի պատրիարքության հանրության և ԶԼՄ-ների հետ կապի բաժնի նախագահ Վլադիմիր Լեգոյդան նշել է, որ այդ որոշումը «եղբայրական երկխոսության ոգով» քննարկվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարգեգին Երկրորդի հետ Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլի հանդիպմանը։