16 հոկտեմբերի 2021 - 11:39 AMT
ՄԱԿ-ում խոստացել են Ադրբեջանի դեմ ՀՀ հայցով որոշումը սեղմ ժամկետում կայացնել

ՄԱԿ-ի միջազգային դատարանում խոստացել են սեղմ ժամկետում որոշում կայացնել Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ:

«Որոշումը կընդունվի հնարավորինս արագ»,- լսումների ավարտին ասել է դատավորը:

Նա պարզաբանել է, որ հստակ ամսաթիվը երկու կողմին կհայտնեն ավելի ուշ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ Երևանը խնդրել էր դատարանին Բաքվի դեմ ժամանակավոր ապահովող միջոցներ կիրառել։ Ադրբեջանը, իր հերթին, ավարտելով բաց լսումների երկրորդ օրը, կոչ է արել մերժել Հայաստանի խնդրանքը միջոցների վերաբերյալ:

Հոկտեմբերի 14-ին դատարանում սկսվել են ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի բանաձևի խախտումների փաստի վերաբերյալ Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցով հարուցված գործի լսումները:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի պահանջով Բաքվի «ռազմավարի պուրակից» հանվել են հայ զինվորների մանեկենները և սաղավարտները։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմի հավաստիացում է ներկայացվել։

Իր հայցում Հայաստանը մատնանշում է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները՝ նշելով ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի բանաձևի մի քանի հոդվածներ, որոնք Ադրբեջանն արհամարհել է (4-րդ հոդվածի 3-րդ կետ, 7-րդ հոդված, որոնք վերաբերում են ռասիզմը թույլ չտալու մասին պետական իշխանության մարմինների պարտավորություններին):