16 հոկտեմբերի 2021 - 12:27 AMT
«Հայաստան» դաշինք․ Միակողմանի խաղաղասիրական կոչերը չեն նպաստում իրական խաղաղության ձևավորմանը

«Հայաստան» դաշինքը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած հրադադարի ռեժիմի խախտումներին, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ միակողմանի խաղաղասիրական կոչերը չեն նպաստում իրական խաղաղության ձևավորմանը:

Նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներն ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակական բնույթ են կրում, նույնիսկ վիրավորում են ստացել մի շարք զինծառայողներ։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած 44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունների անարժանապատիվ քաղաքականությունը չի կանխարգելում Ադրբեջանի իշխանությունների՝ միջազգային մարդասիրական և միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների շարունակական կոպիտ խախտումները:

Մշտապես փաստացի միակողմանի խաղաղասիրական կոչերը, ագրեսիվ հայտարարություններն անպատասխան թողնելը չեն նպաստում իրական արժանապատիվ խաղաղություն ձևավորելուն:

Ազգային ժողովում առկա գործիքակազմի իրացմամբ ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցները նշված դեպքերի և առհասարակ Հայաստանի սահմանային լարված իրավիճակի վերաբերյալ կոնկրետ հարցադրումների պատասխաններ ստանալու, և ժողովրդի առջև հաշվետվողականության պարտականության ապահովման համար, նույնիսկ հրատապ թեմայով քննարկման ձևաչափով»,-ասվում է հայտարարության մեջ: