18 հոկտեմբերի 2021 - 11:00 AMT
ՀԱԿ-ի կոչը՝ Վանո Սիրադեղյանին հուղարկավորել պանթեոնում

Հայ ազգային կոնգրեսն առաջակում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀՇ հիմնադիր անդամ, ՀԱԿ վարչության անդամ Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։

«Անուրանալի է Վանոյի դերը ղարաբաղյան շարժման կազմակերպման, Հայաստանի անկախության նվաճման, պետականության կերտման և ղարաբաղյան պատերազմում հայ ժողովրդի տարած հաղթանակի գործում։ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանն էր, որ սեղմ ժամկետում արմատախիլ արեց հանցավորությունը և անհաշտ պայքար մղեց հանցագործ աշխարհի դեմ՝ նաև թույլ չտալով վերջինիս մասնակցությունը քաղաքական գործընթացներին (մի քաղաքականություն, որը գլխովին շրջվեց քոչարյանական կառավարման տարիներին)։ Երկուսուկես տարի տևած արյունալի պատերազմում հաղթանակն անհնարին կլիներ, եթե Վանոյի ղեկավարած նախարարությունը չապահովեր Հայաստանի ներքին անվտանգությունն ու կարգուկանոնը և օրհասական պահին չկազմակերպեր Լաչինի միջանցքի պաշտպանությունը։

Հետագայում, 1998 թվականի պետական հեղաշրջումից հետո, ուրանալով Վանո Սիրադեղյանի մեծագույն ներդրումը հայոց պետականության կայացման գործում, Ռոբերտ Քոչարյանի վարչակազմը շինծու և ստորագույն մեղադրանքներով հալածանքներ սկսեց նրա նկատմամբ, ինչի հետևանքով Վանոն դարձավ քաղաքական վտարանդի։ Ցավոք սրտի, Հայաստանի ներկա իշխանությունները ոչինչ չարեցին քոչարյանական ռեժիմի գործած այդ ապօրինությանը վերջ դնելու համար։

Ժամանակն է վերականգնելու պատմական արդարությունը։ Հաշվի առնելով Վանո Սիրադեղյանի՝ գրականության և պետական կառավարման բնագավառներում հայ ժողովրդին մատուցած ծանրակշիռ ծառայությունները, կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում»,-ասվում է ՀԱՅ հայտարարության մեջ։

Սիրադեղյան մահացել է հոկտեմբերի 15-ին։