18 հոկտեմբերի 2021 - 12:05 AMT
ՄԻՊ․ Գեղարքունիք ներխուժած ադրբեջանցիների ակտիվությունը շեշտակի մեծացել է, ապաստարաններ են կառուցել

Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել իրենց դիրքեր տանող ճանապարհները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա նշել է, որ ադրբեջանցիների ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի է մեծացել։

«Ավելին, շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման և ինժեներական ակտիվ աշխատանքներ:

Խոսքը ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական անօրինական տեղակայման ու հանցավոր արարքների մասին է: Նրանք ֆիզիկապես ներկա են հենց այն հողատարածքներում, որոնք պատկանում են ՀՀ քաղաքացիներին՝ օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներով»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ սրանք ադրբեջանական այն դիրքերն են, որտեղից ադրբեջանական զինծառայողները ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարում են ահաբեկչական հանցավոր արարքներ. պարբերաբար կրակում են Գեղարքունիքի Վերին Շորժա, Սոթք, Կութ և մյուս գյուղերի ու մասնավորապես՝ քաղաքացիական տների վրա, զանգվածաբար հրդեհում քաղաքացիական բնակիչների արոտավայրերն ու խոտհարքները: Այս դիրքերի ծառայողներն են կատարել ՀՀ բնակիչների կենդանիների մեծաքանակ գողություններ:

Նշելով, որ Ադրբեջանի ԶՈւ ներկայությունը ՀՀ գյուղերի հարևանությամբ ու այն էլ ՀՀ ինքնիշխան տարածքում բացահայտ հանցավոր բնույթ է կրում, ՄԻՊ-ը կրկին ընդգծել է, որ պետք է անհապաղ սկսվի ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու և ադրբեջանցիներին ՀՀ գյուղերի հարևանությունից անհապաղ հեռացնելու գործընթաց:

Նշվում է, որ ՄԻՊ այս առաջարկը տեղ է գտել միջազգային կոնկրետ փաստաթղթում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևում:

Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան հաղորդումներ է ուղարկելու նաև միջազգային կառույցներին ու ՀՀ պետական մարմիններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին: