18 հոկտեմբերի 2021 - 12:27 AMT
Հայկական ԱԷԿ-ը միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին

Հոկտեմբերի 17-ին Հայկական ԱԷԿ-ը միացվել է Հայաստանի միասնական էներգահամակարգին։ ՀԱԷԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակում պլանային-նախազգուշական վերջնական վերանորոգումը (ՊՆՎՎ 2021) ավարտվել է:

Սա ամենաերկար և կարևոր ՊՆՎՎ-ն է, որը նախորդում է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից մինչև 2026 թվականը շահագործման լիցենզիա տալու մասին որոշման ընդունմանը:

«Ավարտվել է ամենաերկար պլանային-նախազգուշական վերանորոգումը՝ կայանի աշխատանքը դադարեցվել էր մոտ 5 ամիս․․․ «Ռոսատոմի» մասնագետների հետ համագործակցությամբ բացի պարտադիր աշխատանքներից, լրացուցիչ ստուգումներ են անցկացվել, և այժմ ՀԱԷԿ-ը պատրաստ է շահագործման ժամկետի երկարաձգման։ Նման թիմի հետ կարելի է համարձակորեն նայել ապագային»,- ասել է ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման նախագծի իրականացման ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել։ 2015-ից մոտ 250 մլն դոլար արժողությամբ սարքավորումներ գնվել են և աշխատանքներ են իրականացվել։ Իրականացվել է մոտ 5000 միավոր սարքավորումների զննում և արդիականացում, կատարվել է սպրինկլերային համակարգի, հուսալի սնուցման համակարգի արդիականացում, փոխարինվել են ավտոմատիկայի և կառավարման համակարգերը, ամբողջությամբ փոխարինվել են մեքենայական սրահի սարքավորումները, ինչը թույլ է տվել վառելիքի նույն ծախսերում էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացնել 10-15%-ով:

Բոլոր անհրաժեշտ սարքավորումները տեղափոխելու համար վերանորոգվել է Արմավիր-Արշալույս երկաթգիծը, որը տանում է դեպի ատոմակայան։

Արդիականացվել է ռեակտորի ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգը, վերանորոգվել է միջուկային վառելիքի հնեցման ավազանը։ Միակ բանը, որ ԱԷԿ-ում չի կարելի արդիականացնել կամ փոխարինել՝ ռեակտորի կորպուսն է՝ Միջուկային էներգետիկական սարքավորման հիմնական անփոխարինելի տարրը։ Դրա համար կայանում 2020-2021 թթ.ընթացքում պատրաստվել են ռեակտորի կորպուսի վերականգնողական թրծաթողմանը։ Թրծաթողման նպատակով ատոմակայան է տեղափոխել ու հավաքել երկհարկանի տան բարձրությամբ սարք, ինչպես նաև ռեակտորից դուրս է բերվել վառելիք ու սարքավորումներ: Թրծաթողումը թույլ է տալիս վերադարձնել մետաղական ռեակտորի շահագործման բնութագրերը՝ 80-85%։

ԱԷԿ-ում արդիականացման աշխատանքների առանցքային կապալառուն «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն է, որը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ դիվիզիոնի մաս է կազմում:

«Կայանի աշխատանքներին միշտ ներկա են եղել «Ռոսատոմի» ինժեներները և միայն 2021-ին հարթակում աշխատել է 300 ռուս մասնագետ։ Ուզում եմ ընդգծել, որ մեր համագործակցությունը չի ավարտվում։ «Ռոսատոմի» և Հայկական ԱԷԿ-ի միջև մշտապես փորձի փոխանակում ու տեխնիկական աջակցություն է իրականացվում», - ասել է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:

Հայկական ԱԷԿ-ը միակ ատոմակայանն է Հարավային Կովկասում և արտադրում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը: Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի գլխավոր կապալառուն «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն է, որի հիմնական խնդիրներն են պաշարի վերականգնումը և կայանի աշխատանքի երկարաձգումը, դրա անվտանգության և արդյունավետության մակարդակի բարձրացումը: