18 հոկտեմբերի 2021 - 13:33 AMT
Փախչանյան․ Պատվաստման պարտադրանքը ծանր բեռ է կրթական համակարգի համար

«Այբ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, «Կրթության տապան» հեղինակային հաղորդման ժամանակ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման թեմային, ասել է, որ այդ պարտադրանքը ծանր բեռ է դարձել կրթական համակարգի համար, որը համաճարակի հետևանքով արդեն իսկ բազում խնդիրներ ունի։

Նա նշել է, որ այն հարուցել է բացահայտ և ոչ բացահայտ հակազդեցություն, ինչից կարելի էր խուսափել, գրում է CivilNet-ը։

Ըստ Փախչանյանի, ցավալի է, որ ուսուցիչները, որոնք պիտի ներկայացնեն հանրության ամենակրթված շերտը, պիտի հավատան գիտությանը, գիտնականներին վստահելու փոխարեն Ֆեյսբուքին են վստահում, սակայն, առողջապահության նախարարության որոշումը փաստացի տուգանք է, որը ամսական երկու անգամ կիրառվում է այն մարդկանց նկատմամբ, որոնք որոշել են չպատվաստվել:

«Եկեք հիշենք, որ Հայաստանում ուսուցիչները միջինը վաստակում են ընդամենը 70,000 դրամ է․ այդ գումարից նվազագույնը 20,000 դրամ գանձել այն ուսուցիչներից, որոնք ինչ-ինչ պաճառներով պատրաստ չեն այսօր պատվաստվել, անբարոյական է»,-ասել է նա։

Փախչանյանը նշել է, որ նախարարի որոշումը նաև գործատուներին է ներառում՝ այդ որոշումով կազմակերպությունները կամ իրենք պետք է տուգանք վճարեն, կամ պետք է խնդիրներ ունենան իրենց աշխատակիցների հետ, որոնք չեն ենթարկվում պարտադիր պատվաստման պահանջին։

«Արդյոք առողջապահության նախարարը տեղյա՞կ է, որ երկրի շատ դպրոցներում մեծ քանակությամբ ուսուցիչների թափուր տեղեր կան, արդյոք տեղյա՞կ է, թե դպրոցների կողմից որքան ջանք է պահանջվում լավ ուսուցիչներին համակարգում պահելու համար։ Արդյոք գիտակցո՞ւմ է, որ նման քայլը կարող է մեծ հարված հասցնել կրթությանը, որն առանց այդ էլ տառապում է հիվանդությունից, տարիներով կուտակված խնդիրներից»,-ասել է նա։

Ըստ Փախչանյանի՝ երբ երկրում պատվաստավածների թիվը դեռ չնչին է, ինչպե՞ս կարելի է պահանջել կազմակերպություններից, որ շատ կարճ ժամանակում ապահովեն 100 տոկոսանոց պատվաստում։

Փախչանյանն առաջարկում է կրթության և առողջապահության նախարարություններին համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի կրթության ոլորտի աշխատակիցները գիտակցաբար վերանայեն իրենց մոտեցումը և սկսեն պատվաստվել։

«Մյուս առաջարկս այն է, որ այն քաղաքացիների նկատմամբ, որոնք վերջին վեց կամ ութ ամսվա ընթացքում արդեն տարել են կորոնավիրուսային հիվանդություն, որդեգրել մոտեցումներ, որոնք կիրառվում են այլ երկրներում։ Նշանակում է՝ ազատել նրանց պարտադիր պատվաստման պահանջից»,-ասել է նա։

Փախչանյանը նշել է նաև, որ կողմ է, որ բնակչությունը պատվաստվի՝ նշելով, սակայն, որ պետք է հաշվի նստել իրականության հետ։

«Մենք ուսուցիչներին տարեցտարի չնչին աշխատավարձ ենք վճարում՝ դրա դիմաց դնելով բարձր պահանջներ․․․ Այս մոտեցումը տարեցտարի կրթությունը կործանում է»,-ասել է նա։

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ հոկտեմբերի 14-ից գործատուները պետք է աշխատակիցներից կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագիր պահանջեն, կամ 14 օրը մեկ՝ թեստի բացասական պատասխան։