18 հոկտեմբերի 2021 - 15:22 AMT
Պուտին․ ՌԴ-ի և Հայաստանի հարաբերություններն իսկապես դաշնակցային են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուս-հայկական VIII միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին հղած իր ուղերձում նշել է, որ ՌԴ-ի և Հայաստանի հարաբերություններն իսկապես դաշնակցային բնույթ են կրում, երկու երկրի միջև բովանդակալից քաղաքական երկխոսություն և արդյունավետ համագործակցություն է ծավալվում տարբեր ոլորտներում:

Ռուս-հայկական VIII միջտարածաշրջանային համաժողովն անցնում է Երևանում։

«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, որոնք հիմնված են բազմադարյա ավանդույթների, բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա, իսկապես դաշնակցային բնույթ են կրում: Մեր երկրների միջև բովանդակալից քաղաքական երկխոսություն է հաստատված, ինչպես նաև արդյունավետ համագործակցություն՝ տարբեր ուղղություններով: Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման հարցում զգալի դերակատարություն ունի միջտարածաշրջանային համագործակցությունը, որը թույլ է տալիս փոխշահավետ նախագծեր իրականացնել տնտեսական, սոցիալական,ենթակառուցվածքային, հումանիտար և շատ այլ ոլորտներում»,- ասվում է Պուտինի ուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Պուտինը կարևորել է այն հանգամանքը, որ համաժողովի շրջանակում ՌԴ և ՀՀ կենտրոնական և տեղական իշխանությունների, հասարակական կազմակերպությունների, ակադեմիական, գործարար և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչները կկարողանան «փորձի փոխանակում իրականացնել և քննարկել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ»: