18 հոկտեմբերի 2021 - 18:39 AMT
ԱԱԾ-ն հերքել է Փելա սար տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու լուրերը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերքել է Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու վերաբերյալ հակսարական տեղեկությունները։

«Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկությունների, թե իբր Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում»,-ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն ավելի վաղ Factor.am-ին ասել էր, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Փելա սարի «Լկատր» կոչվող բարձունքն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մինչդեռ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ժխտել է այդ լուրը։