19 հոկտեմբերի 2021 - 10:36 AMT
Նորվեգիան Moderna-ի խմբաքանակ կտրամադրի ՀՀ-ին

Team Europe նախաձեռնության շրջանակում Նորվեգիան Moderna պատվաստանյութի զգալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին։ Այդ մասին ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը (նստավայրը՝ Թբիլիսի) հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի հետ հանդիպմանը։

Ընթացքում փոխնախարարը զրուցակցին համապարփակ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Այս համատեքստում կարևորվել է Ղարաբաղյան խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները վերահաստատել են քաղաքական երկխոսության ակտիվացման, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցության զարգացման և առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխադարձ պատրաստակամությունը:

Ավելի վաղ Լիտվան էր ամերիկյան Moderna ընկերության պատվաստանյութի 50,000 դեղաչափ տրամադրել Հայաստանին։