24 մարտի 2009 - 18:58 AMT
Ապրիլի 14-ին կկայանա «Արարատ` 14 տեսակ» ֆիլմի եվրոպական հեռուստատեսային պրեմիերան
Ապրիլի 14-ին 3 sat եվրոպական ալիքով կկայանա «Արարատ` 14 տեսակ» ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան: 2007թ. նկարահանված «Արարատ` 14 տեսակ» ֆիլմի սցենարը հիմնված է Իվան Բունինի եւ Ալեքսանդր Դելֆինովի պատմվածքների վրա: Ֆիլմի ռեժիսոր Դոն Ասկարյանը, որն աշխատել է նաեւ որպես ֆիլմի սցենարիստ, արտ-տնօրեն եւ խմբագիր, ֆիլմը ստեղծել է 5 տարվա ընթացքում: Արդյունքում ստացվել է 74-րոպեանոց տեսաժապավեն` բաղկացած ողբերգության, փաստագրության եւ փորձագիտական կինեմատոգրաֆիայի խառնուրդից: Իր անունը ֆիլմն ստացել է Արարատ լեռը 14 տարբեր դիտակետերից նկարահանելու արդյունքում:

Սուրբ Արարատ լեռը, որի վրա համաշխարհային ջրհեղեղից հետո ոտք է դրել Նոյը, սրբազան է բոլոր հայերի համար, ինչպես նաեւ կորսված հայրենիքի հանդեպ ցավի մարմնավորումն է, քանի որ այսօր այն գտնվում է Թուրքիայի տարածքում` հնարավորություն թողնելով միայն տեսնել սիրելի լեռը: «Արարատ` 14 տեսակ» ֆիլմը նվիրված չէ այն սահմաններին, որոնք արգելք են հանդիսանում հայերի համար` իրենց սրբազան լեռան ճանապարհին: Ֆիլմը պատմում է անպատասխանատու գողերի կյանքի մասին, որոնք ներգրավվել են հազվագյուտ հին մետաղադրամների գողության մեջ, եւ որոնց հաջողվում է գաղտնի կերպով հատել պաշտոնապես փակ սահմանը:

Դոն Ասկարյանը ծնվել է 1949թ. Հայաստանում: Նախքան հակապետական գործունեության համար 1975թ. ձերբակալվելը, նա արվեստի պատմություն է ուսումնասիրել Մոսկվայում, որտեղ աշխատել է որպես ռեժիսորի օգնական եւ մշակութային քննադատ: 1977թ. գաղթելով Բեռլին` 30 տարվա ընթացքում Դոն Ասկարյանը դարձել է բազմաթիվ ֆիլմերի հեղինակ, որոնց համար պարգեւատրվել է մի շարք միջազգային փառատոններում: