22 հոկտեմբերի 2021 - 17:12 AMT
Մեկնարկել են ՀՀ և ՌԴ զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները

Մեկնարկել են Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները:

Միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը հայտնել է, որ զորավարժություններին մասնակցում են ինչպես Հայաստանի ԶՈւ հատուկ բանակային կորպուսի, այնպես էլ ռուսական 102-րդ ռազմաբազայի ուժեղացված ստորաբաժանումները, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

Գեներալը նաև ընդգծել է, որ նմանատիպ վարժանքներ անցկացվում են տարին մի քանի անգամ, համատեղ պատրաստության պլանի համաձայն։

Այսօրվա զորավարժություններում խաղարկվում է մի քանի սցենար։ Զորավարժություններում ներգրավված է մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, մասնավորապես, տանկեր, հետևակի մարտական մեքենաներ (ՀՄՄ), ինքնագնաց հրետանի։ Ակտիվ փուլից հետո կամփոփվեն արդյունքները, կտրվեն համապատասխան հանձնարարականներ: