23 հոկտեմբերի 2021 - 13:14 AMT
ՌԻԱ-ն և Аliq-ը հայտնում են նոյեմբերի 9-ին 2 նոր եռակողմ փաստաթղթի ակնկալվող ստորագրման մասին

Նոյեմբերի սկզբին Մոսկվայում կարող է կայանալ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որին ակնկալվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում, հայտնել է ՌԻԱ Նովոստի պետական գործակալության տելեգրամ-ալիքը՝ իր աղբյուրի վրա հղումով։

Ավելի վաղ նմանատիպ տեղեկություն հայտնել էր Аliqmedia-ն՝ դիվանագիտական վստահելի աղբյուրների վրա հղումով։

«Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը եւ սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները: Այդ քարտեզների մասին հոկտեմբերի 22-ին, ոչ պատահական կերպով, հիշեցրել է Վլադիմիր Պուտինը:

Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ ևս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջեւ հաղորդակցության հաստատման մանրամասներին»։

Նոյեմբերի 9-ը պատերազմը կանգնեցրած եռակողմ հայտարարության ստորագրման օրն է: