Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Փարիզում անցկացվող խաղաղության համաժողովում հայտարարել է, որ Կովկասի տարածաշրջանը չի կարող բացառապես որևէ մեկինը դառնալ՝ ոչ Ռուսաստանինը, ոչ Թուրքիայինը, ոչ էլ Իրանինը։
«Ի՞նչ է պետք անել Կովկասում. Ռուսաստանի հետ առճակատումը ճիշտ չէ: Եվրոպան դրա համար ոչ ռազմական ուժ ունի, ոչ էլ ցանկություն, բայց միևնույն ժամանակ պետք է ցույց տա, որ կարևոր դերակատար է և չի զիջելու իր տեղը»,- ասել է նա, գրում է Аliq.ge-ն։
Ըստ Վրաստանի նախագահի՝ այսօր Կովկասը ԵՄ քաղաքականության համար «փորձնական հարթակ է, թե ինչ կարող է անել Ռուսաստանի հետ հարաբերություններում»:
«Թեև արդեն ուշ է, պատերազմը տեղի ունեցավ, հրադադարի պայմանագիր է ստորագրվել, սակայն ԵՄ-ի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդության ցանկություն կա, որն անհրաժեշտ է, քանի որ այս հակամարտությունը չեն կարող լուծել միայն Թուրքիայի, Ռուսաստանի կամ այլ երկրի իշխանությունները»,- նշել է նա:
Անդրադառնալով տարածաշրջանի նոր իրողությանը՝ Զուրաբիշվիլին ասել է, որ այս երկրներն ակտիվ են, արժանի ու շահ ունեն այս տարածաշրջանում լինելու։
«Բայց, այդ երկրներից ոչ մեկը չունի տնտեսական հնարավորություններ՝ իրականացնելու այն մեծ ենթակառուցվածքային ծրագրերը, որոնց մասին բոլորը խոսում են։ Եվրոպան միակն է, ով ունի այդ ուժը։ Բացի տնտեսական հզորությունից, նա պետք է ունենա տեսլական, թե ինչի է ուզում հասնել. տարածաշրջանի կայունացման տեսլական և ընկալում, թե որն է իր ուժն այսօր»,-ասել է նա:
2021-ի հոկտեմբերին Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ակտիվ հաղորդակցություն է ընթանում։
Ավելի վաղ Վրաստանի միջնորդությամբ 15 հայ գերի վերադարձվեց Բաքվից՝ ականապատ տարածքների քարտեզի դիմաց։