ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նոյեմբերի 13-ին՝ վաղ առավոտյան, Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում՝ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։
Նշվում է, որ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ:
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհն այժմ երկկողմանի բաց է, դեպքի արդյունքում ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։
«Կոչ ենք անում խուճապի մեջ չընկնել ու պահպանել հանգստություն, զերծ մնալ խուճապ առաջացնող լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է ԱՀ ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:
Ավելի վաղ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սպանվել էր գյուղաշխատանքներ կատարող տրակտորիստը։