13 նոյեմբերի 2021 - 13:15 AMT
ԱՀ ՄԻՊ․ Ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած արցախցուն ռուսական կողմը կհանձնի Արցախին

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Շուշիի հատվածում ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած արցախցուն ռուսական կողմը կհանձնի Արցախի իրավապահներին։

Նա նշել է, որ Բերձորի՝ Շուշիի հատվածում նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում, այս մասին հաղորդում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել են պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այցելելու է քաղաքացուն անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու համար։ Հավելյալ տեղեկություններ կտրամադրենք առաջիկայում», - ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ նոյեմբերի 13-ին՝ վաղ առավոտյան, Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում՝ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել էր։Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհն այժմ երկկողմանի բաց է, դեպքի արդյունքում ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։

Նռնակի պայթյունի հետևանքով ադրբեջանցի 3 զինծառայող է վիրավորվել։