17 նոյեմբերի 2021 - 12:13 AMT
Կանադան հայ-ադրբեջանական սահմանին դեէսկալացիայի կոչ է արել

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերին, դեէսկալացիայի կոչ է արել։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Նա նշել է, որ Կանադան խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումով, որի հետևանքով հայ զինծառայողներ են զոհվել։

«Մեր մտքերը զոհերի ընտանիքների, նրանց հարազատների և մերձավորների հետ են: Մենք դեէսկալացիայի կոչ ենք անում, որպեսզի հնարավոր լինի գտնել հակամարտության խաղաղ լուծում»,- գրել է նա:

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել էին ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Նոյեմբերի 17-ի` ժամը 10։00-ի դրությամբ հարաբերական կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։