17 նոյեմբերի 2021 - 12:16 AMT
Շիֆ․ ԱՄՆ-ն պետք է հնարավորն անի՝ զսպելու Ադրբեջանի շարունակվող ագրեսիան

ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներին, գրել է, որ ադրբեջանցիների հարձակումն Ադրբեջանի և ՀՀ միջև հրադադարի մասին համաձայնության կոպիտ խախտում է և ԱՄՆ-ն պետք է հնարավորն անի՝ զսպելու ադրբեջանական շարունակվող ագրեսիան։

«Խորապես մտահոգված եմ հայկական սահմանին ադրբեջանական ուժերի հարձակման, նաև սպանությունների և մոտ երկու տասնյակ հայ զինծառայողների ապօրինի ձերբակալման մասին տեղեկություններով։

«Կոչ եմ անում Պետդեպարտամենտին գործել անհապաղ, օգտագործել դիվանագիտական բոլոր խողովակները՝ կանխելու հերթական մարդասիրական աղետը և ցույց տալու մեր անսասան աջակցությունը հայ ժողովրդին ու նրա ինքնիշխանությանը»,- ասվում է կոնգրեսականի գրառման մեջ։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել էին ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Նոյեմբերի 17-ի` ժամը 10։00-ի դրությամբ հարաբերական կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։