17 նոյեմբերի 2021 - 17:49 AMT
Դիլիջանում Samsung-ի ինովացիոն կամպուս կբացվի

Հայաստանի UWC Դիլիջան միջազգային դպրոց-պանսիոնը և աշխարհում առաջատար տեխնոլոգիական Samsung ընկերությունը համաձայնագիր են ստորագրել, որով Դիլիջանում հիմնադրվում է Samsung-ի ինովացիոն կամպուսը:

Նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստանին՝ ՏՏ հմտություններ և բջջային հավելվածների մշակման գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն ստեղծելով հայ պատանիների համար:

Samsung-ի ինովացիոն կամպուսի մեկնարկը նախատեսված է 2022թ. հունվարին: Նախաձեռնությանը կարող են մասնակցել 14-16 տարեկան հայ երեխաներ: Պիլոտային ծրագրում նախատեսվում է ընդգրկել Դիլիջան քաղաքը և հարակից համայնքները՝ հետագայում ընդլայնվելու ներուժով: Առաջիկա երեք տարիներին հեռավար աշխատարանների և առկա ձևաչափով բութքեմփերի համադրմամբ կներգրավվի 150 երեխա:

Առաջին դասընթացը կսկսվի 2022թ. հունվարին և կշարունակվի մինչև ամառվա վերջ, իսկ հետագա կուրսերը կանցկացվեն հոկտեմբերից մինչև ամառ, ասվում է ասվում է UWC Դիլիջանի հաղորդագրության մեջ:

Samsung-ի ինովացիոն կամպուսի նպատակն է աջակցել Հայաստանի զարգացմանը կրթական ծրագրի միջոցով հայ պատանիներին օժտելով անհրաժեշտ հմտություններով: Նշված կրթական ծրագիրը ոչ միայն բարելավելու է մասնակիցների թվային գրագիտությունը, սովորելու հմտությունները, ստեղծարարությունը և երևակայությունը, այլ նաև պայմաններ է ստեղծելու հետագայում բջջային հավելվածների ծրագրավորման հանդեպ հետաքրքրություն ձևավորելու և երկրում ինովացիոն տեղեկատվական տեխնոլոգիաները տարածելու հարցում:

«Մենք նախատեսում ենք կրթական հարթակ տրամադրել Հայաստանի երիտասարդներին՝ նպաստելով ՏՏ ոլորտում նրանց ունիկալ տեխնիկական տաղանդների և ընդունակությունների դրսևորմանը և կտա գիտելիքներ, որպեսզի նրանք կարողանան ստեղծել իրենց սեփական բջջային հավելվածները: Հպարտ ենք, որ Միավորված աշխարհի դպրոցներ Դիլիջանի հետ սերտ համագործակցելով նպաստելու ենք ինովացիոն ՏՏ կրթության տարածմանը Հայաստանում և կրթելու ենք ապագայի բարձրակարգ ՏՏ մասնագետներին»,- նշել է Samsung Էլեկտրոնիքսի ԱՊՀ տարածաշրջանային կենտրոնակայանի նախագահ և գործադիր տնօրեն պարոն Դ.Հ. Քիմը:

Samsung-ի ինովացիոն կամպուսի ծրագիրն իրագործվելու է UWC Դիլիջանի գործընկերոջ՝ Դիլիջանի համայնքային կենտրոնի հետ, որն օգնելու է տեղական դպրոցների հետ կապն ապահովելու գործում: