Ադրբեջանական վերջին հարձակումներից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է գերեվարված հայ զինծառայողների վերաբերյալ տեսանյութերի ուսումնասիրություն, ադրբեջաներենից թարգմանություն ու նույնականացում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Այս պահին խոսքը 21 տեսանյութի և 6 լուսանկարի մասին է:
Մենք կապի մեջ ենք գերության մեջ գտնվող ՀՀ զինծառայողների ընտանիքների հետ։
Այս աշխատանքներից հետո նշված նյութերը՝ որպես հավաստի ապացույցներ, պատշաճ կհետազոտվեն և կփոխանցվեն ինչպես միջազգային, այնպես էլ հայաստանյան կառույցներին՝ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձին հարցում օգտագործելու համար»,-ասվում է գրառման մեջ։
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ զինծառայողի կամ քաղաքացիական անձի գերության մեջ լինելու փաստը պետք է արձանագրել այն պահից, երբ, օրինակ, տեսանյութով պարզվում է, որ նա ադրբեջանական զինված ուժերի կամ իշխանությունների վերահսկողության ներքո է: Այս դեպքում չհաստատելը նրանց չի ազատում պատասխանատվությունից:
«Նախկինում բազմաթիվ են եղել են դեպքերը, երբ տեսանյութերով հաստատվել է գերության փաստը, բայց ադրբեջանական իշխանությունները դա չեն հաստատել»,- գրել է Թաթոյանը:
Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։
Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։