27 նոյեմբերի 2021 - 16:48 AMT
44-օրյայի մասին վավերագրական ֆիլմը կարող է մասնակցել Օսկարին․ Հայտ կա

44-օրյա պատերազմի մասին պատմող բրիտանացի ռեժիսոր Էմիլ Հեսսենի «45 օր՝ պայքար հանուն ազգի» վավերագրական ֆիլմը Օսկարի՝ լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում մասնակցության հայտ է ներկայացրել։ Այդ մասին Հեսսենը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Ֆիլմը նկարահանվել է 2020 թվականի աշնանը՝ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի օրերին, երբ Ադրբեջանը մեծածավալ հարձակում էր սկսել Արցախի դեմ։

«Գիտակցելով պատերազմի ընթացքում մեծ տարածում ստացող ապատեղեկատվությունը և անբավարար լուսաբանումը համաշխարհային լրատվամիջոցներում՝ Էմիլը ճամփորդել է տարածաշրջանով և զրուցել տեղի բնակիչների հետ, որոնք զենք են վերցրել պայքարելու համար։ Դա նրանց պատմությունն է»,-ասվում է ֆիլմի նկարագրության մեջ։

Ընդհանուր առմամբ, Օսկարի լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում մասնակցելու հայտ է ներկայացրել 138 ֆիլմ։