1 դեկտեմբերի 2021 - 17:02 AMT
Սարգսյան․ ԵՏՄ-ին անդամակցման որոշումս և ռուսական ռազմակայանի տեղակայման երկարաձգումը ճիշտ էին

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին ելույթում հայտարարել է, որ տարիների հեռավորությունից կարող է վստահաբար ընդգծել՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցման վերաբերյալ իր որոշումը, ինչպես նաև Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարաձգման և դրա լիազորությունների ընդլայնման առնչությամբ համաձայնագրերի ստորագրումը 2010-ին, ճիշտ էին։

«Օգտվելով Հայաստանում գործող թուլակամ և պոպուլիստ իշխանության վարքագծից, ինչպես նաև շահագրգիռ արտաքին ուժերի թողտվությունից, որոնք երեք տարի առաջ որոշակի նպատակներով օգնեցին նրանց իշխանության գալ հայտնի տեխնոլոգիաների միջոցով, Ադրբեջանն այսօր էլ ոտնձգություններ է կատարում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, ահաբեկում սահմանամերձ բնակավայրերի խաղաղ քաղաքացիներին, սադրում ռազմական բախումներ և շարունակում գերեվարել նոր զինվորների։

Բանակն ու դիվանագիտական կորպուսը, որոնք երեք տարվա ընթացքում հիմնովին փլուզվել են պոպուլիստական ռեժիմի կողմից, չկարողացան դիմակայել ադրբեջանական ագրեսիային։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ սա ոչ թե մեր ժողովրդի, այլ հանցավոր անպատասխանատու դեմագոգների խմբի պարտությունն է։

Մենք շնորհակալ ենք ՌԴ ղեկավարությանը ինչպես ակտիվ ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ գործադրած ջանքերի, այնպես էլ Խաղաղապահ զորակազմի տեղակայման միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման համար և կոչ ենք անում ավելի ամուր կանգնել հրադադարի պահպանման դիրքերում»,-ասել է Սարգսյանը:

Նա կոչ է արել նաև անվերապահորեն պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մոտեցումը՝ կառուցված հիմնարար սկզբունքների վրա, որոնք բազմիցս հնչեցվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։

«Տարածաշրջանային վերջին զարգացումների և մարտահրավերների համատեքստում չի կարելի անտեսել հայ ժողովրդի կենսական շահերը, չի կարելի դիտարկել պատերազմի կործանարար և անարդար հետևանքները որպես նոր իրողություն։ Մենք չենք համակերպվել այս իրավիճակի հետ, և սա ռևանշիզմ չէ։

Ուզում եմ ևս մեկ անգամ հայտարարել այս ներկայացուցչական համաժողովի բոլոր մասնակիցների առջև, որ Արցախի հարցը լուծված չէ, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հարցը սակարկման ենթակա չէ, որ Հայաստանը պետք է մնա տարածաշրջանային ինքնիշխան դերակատար և Ռուսաստանի ռազմավարական դաշնակից:

Մենք ականատես ենք քաղաքական գործընթացների էթիկայի և փիլիսոփայության գլոբալ վերաձևաչափմանը, ինչը տանում է դեպի միջազգային ինստիտուտների ճգնաժամ և միջազգային իրավունքի տոտալ էրոզիա»,-ասել է ՀՀ երրորդ նախագահը։

«Պարկեշտության ճգնաժամ, բարոյականության ճգնաժամ, արդարության ճգնաժամ. ահա թե ինչն եմ ես համարում կարևոր մարտահրավերներից մեկը համաշխարհային վերաիմաստավորումների ժամանակակից միտումներում։

Օրինակ, դժվար է համոզիչ կերպով բացատրել հայ հասարակությանը, թե ինչու են ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ ողջունում և շնորհավորում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրին՝ ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ տարած ռազմական հաղթանակի կապակցությամբ»,-ասել է Սերժ Սարգսյանը։

Նա նշել է նաև, որ առ այսօր առկա է Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության հզոր, չիրացված ներուժ, որի ուղղությամբ նույնպես Հայաստանի ներկա կառավարության ջանքերն անբավարար են, անարդյունավետ, իսկ երբեմն նաև հակադիր։