3 դեկտեմբերի 2021 - 13:11 AMT
Թրեյսին՝ ՊՆ-ում․ Ամերիկյան կողմն աջակցում է լարվածության թուլացմանը և խնդիրների խաղաղ կարգավորմանը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են սահմանային իրավիճակին և անվտանգային խնդիրներին առնչվող հարցեր:

Պապիկյանը ներկայացրել է սահմանագոտում ներկայիս իրավիճակը և խնդիրների կարգավորման հայկական կողմի մոտեցումները:

Դեսպանն իր հերթին նշել է, որ ամերիկյան կողմն աջակցում է լարվածության թուլացմանը և խնդիրների խաղաղ կարգավորմանը, ընդգծել ԱՄՆ դերակատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում և կարևորել այդ ձևաչափով ընթացող գործընթացների շարունակականությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանական բնագավաոռւմ հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել էին ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբերի 16-ի հարձակման հետևանքով ունենք 6 հաստատված զոհ. ըստ նրա՝ չճշտված տեղեկություններով 32 գերի ունենք։