4 դեկտեմբերի 2021 - 15:05 AMT
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է Թուրքիայում հայերին «ահաբեկելու նոր ձևերի մասին»

ԱՄՆ Պետական դեպարտամենտը նոր զեկույց է հրապարակել Թուրքիայում կրոնի ազատության «վատ պայմանների» մասին՝ նշելով, որ Թուրքիայում ի հայտ են եկել «հայերին ահաբեկելու նոր ձևեր»։

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության գծով հանձնաժողովի պատրաստած զեկույցում ասվում է, որ հայկական կրոնական ժառանգության օբյեկտները Թուրքիայում նախկինի պես սպառնալիքի տակ են։

2021թ․ սկզբին Քյութահյայի Սուրբ Թորոս եկեղեցին քանդեցին, երբ այն անհայտ անձի սեփականությունը դարձավ, չնայած որ պահպանվող կարգավիճակ ուներ։ Օգոստոսին բուլդոզերներով քանդել են Վանի հայկական գերեզմանոցը։

Ըստ զեկույցի, Թուրքիայի իշխանությունները հաճախ չեն դադարեցնում գերեզմանոցներին սպառնացող շինարարությունը։ Օրինակ, 2021 թվականի մարտին ընդդիմադիր Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունից խորհրդարան ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հարցում էր ուղղել խորհրդարանին՝ պարզելու, թե ինչու կառավարությունը չի կասեցրել պետական բանկի կառուցումը Անկարայի կենտրոնում՝ Հայկական և կաթոլիկ գերեզմանոցների պատճառով։ Նշվում է նաև, որ 2021-ի ապրիլին, արձագանքելով Փայլանի հայտարարություններին, ազգայնական պատգամվոր Յումիթ Օզդաղը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը սպառնացել է նրան․ «Դուք էլ ձեզ վրա կզգաք Թալեաթ փաշայի փորձը»։

Զեկույցում նշվում է, որ Թալեաթ փաշան Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկն էր։