6 դեկտեմբերի 2021 - 19:00 AMT
Աղաջանյան. Սահմանազատման հանձնաժողովի հետ կապված քննարկումներն ընթանում են` նորություն չկա

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի հետ կապված այս պահին քննարկումներն ընթացքում են, որևէ նորություն չկա։

Դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման չկայացման պատճառ է ներկայացնում ԱԺ պատվիրակության այցն Արցախ՝ Աղաջանյանն ասել է որ դա իրենց հայտարարությունն է, որն ինքը չի ուզում մեկնաբանել, գրում է «Փաստինֆոն»։

«Այս պահի դրությամբ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում արտաքին գործերի նախարարի հանդիպումների շրջանակում, առանձին գործընթացներ են և դրանց տեղի ունենալ-չունենալը պայմանավորված է կոնկրետ գործոններով»,-նշել է Աղաջանյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե կոնկրետ ինչ հարցի շուրջ փոխվարչապետերի մակարդակով վերջին հանդիպման ժամանակ չկարողացան համաձայնության գալ, Աղաջանյանն ասել է, որ այդ հանդիպումները պարբերական բնույթ ունեն և համանախագահող երկրները փորձում են գտնել երկուստեք ընդունելի լուծումներ։

«Այս ճանապարհը, բնականաբար, հարթ և սահուն չէ։ Կարևորագույն արձանագրումն այն է, որ այդ աշխատանքներն ընթանում են, ինչը լավագույն ապացույցն է առ այն, որ բոլոր կողմերն իրապես շահագրգռված են, որ հարցը լուծվի և վերջապես կողմերը գան ընդունելի տարբերակների»,-ասել է Աղաջանյանը։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատության» եթերում հայտարարել էր, որ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների մոսկովյան հանդիպմանը «չի հաջողվում համաձայնություններ ձևակերպել»։ «Եթե չեն կարողանում առաջ շարժվել, ուրեմն Ադրբեջանը կոնստրուկտիվ չի եղել»,-ասել էր նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք համաձայնության չգալու պատճառը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք ստանալու Ադրբեջանի պնդումն է։