8 դեկտեմբերի 2021 - 15:16 AMT
Փոխվարչապետ․ Ալիևի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» մասին անսպասելի էր՝ հուսով եմ, կվերադառնանք կառուցողական հուն

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անսպասելի էր Հայաստանի իշխանությունների համար, սակայն Երևանը հուսով է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի աշխատանքը կշարունակվի այն հիմնական սկզբունքների շուրջ, որոնք արդեն իսկ համաձայնեցված են: Այդ մասին Գրիգորյանն ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

«Ենթադրվում էր, որ առաջիկա օրերին մենք կշարունակենք աշխատանքը։ Հուսով եմ, իրավիճակը կվերադառնա կառուցողական հուն և կշարունակենք աշխատանքը»,-ասել է նա։

Գրիգորյանը հավելել է, որ «աշխատանքային խմբի բոլոր նիստերը մինչև հիմա անցել են կառուցողական երկխոսության ձևաչափով։

Փոխըմբռնում են ունեցել երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնման ու ապաշրջափակման հարցերով։ Նաև ընկալում է եղել, որ ճանապարհների ինքնիշխանությունը պատկանելու է այն երկրներին, որոնց տարածքով դրանք անցնելու են, և այդ ճանապարհները, իրենց հերթին, լինելու են այն երկրի իրավասության ներքո, որով դրանք անցնելու են: Այլ հարցերով դեռևս մնում էին նրբերանգներ»,- ասել է փոխվարչապետը։

Նա նշել է նաև, որ կոմունիկացիների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանգծման հետ։

Գրիգորյանը նշել է նաև, որ կոմունիկացիաների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում փորձագիտական ենթախումբ է ստեղծված, որը զբաղվում է, սահմանները բացվելու դեպքում, բեռնափոխադրումների հարցերի մշակմամբ։ «Այդ հարցերի վերջանական քննարկում չի եղել»,-ասել է նա։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի վերջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին Մոսկվայում: