8 դեկտեմբերի 2021 - 17:45 AMT
Ռուբինյան․ Մեր հանրությունը պետք է հասկանա, որ գերի ընկնելը լավ բան չէ՝ դա չի նպաստում սահմանների պաշտպանված լինելուն

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, աբդրադառնալով գերիների խնդրին, ասել է, որ հանրությունը պետք է հասկանա, որ գերի ընկնելը լավ բան չէ՝ դա չի նպաստում սահմանների պաշտպանված լինելուն:

«Ինչո՞ւմ է կայանում գերիների հարցի նրբությունը․ մի կողմից մենք չեն ուզում, որպեսզի մեր որևէ քաղաքացի գերության մեջ լինի կամ վերադարձած գերին իրեն նսեմացած զգա, մյուս կողմից շատ կարևոր է, որպեսզի մեր հանրությունն ընդհանրապես հասկանա, իմանա, նաև զինծառայողները իմանան, որ գերի ընկնելը լավ բան չէ։ Հուսով եմ՝ հասկանում եք՝ ինչու լավ բան չէ, որովհետև դա չի օգնում, որ մեր սահմանները պաշտպանված լինեն։ Սա է ամբողջ պատմությունը»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ գերիների վերաբերյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության վերաբերյալ քննարկում չեն անցկացրել։

«Հրապարակված տեսանյութը Ալեն Սիմոնյանի հայտարարությունը չէ այն իմաստով, որ Ալեն Սիմոնյանը ոչ մի տեղ չի կանգնել ու ասել՝ ես հիմա հայտարարություն եմ անում։ Դա թաքնված տեսանկարահանում է մասնավոր զրույցից։ Ես իմ ու մեր տեսակետն արդեն հայտնեցի՝ գերիների թեման նուրբ թեմա է, գերիներին ո՛չ պետք է հերոսացնել, ո՛չ նսեմացնել», - ասել է Ռուբինյանը։

Անդրադառնալով ԱԺ-ի մուտքի մոտ բողոքի ակցիա անցկացնող գերեվարված ու անհետ կորած զինծառայողների ծնողների հետ հանդիպման հնարավորությանը՝ Ռուբինյանն ասել է, որ մինչ այս բազմաթիվ հանդիպումներ արդեն եղել են, նաև ամենաբարձր մակարդակով, նոր հանդիպում անցկացնելու ընդդիմության միջնորդության կարիք իրենք չունեն։

«Ընդդիմության միջնորդությունն այդ հարցում պետք չէ։ Եթե կարիք լինի, որ տարբեր պաշտոնյաներ հանդիպեն, կհանդիպեն», - ասել է նա։

Դեկտեմբերի 7-ին Telegram-ալիքները տեսանյութ են հրապարակել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որտեղ նա ինչ-որ միջոցառման ժամանակ անհայտ զրուցակցի հետ զրույցում անդրադառնալով գերիների հարցին, մեղադրում է գերիներին զենքը վայր դնելու և հանձնվելու մեջ և ասում, որ իր համար նրանք «արդեն չկան»։ «Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են․․․էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել ու մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն․․․»,-ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ ակտիվ չեն, քանի որ գիտեն, որ «էդ մարդիկ դասալքություն են արել»։ Ավելի ուշ, մեկնաբանելով իր զրույցը, Սիմոնյանը պնդել է, որ այդ տեսանյութը մոնտաժված է։

Ավելի ուշ համացանցում է հայտնվել մեկ այլ, ավելի ամբողջական տեսանյութ, ուր լսվում է, ինչպես է Սիմոնյանն ասում՝ «եթե ես գերիների պատճառով պիտի Սյունիք, Սիսիան կորցնեմ, կներես, սխալ բան եմ ասում, համարում եմ, որ նրանք արդեն չկան»։ Շարունակելով, նա ասում է, որ, այնուամենայնիվ, իշխանությունն հետ է բերելու գերիներին ու նշում, որ ողջ երկիրը չի կարող հարցին պատանդ դառնալ։