13 դեկտեմբերի 2021 - 17:53 AMT
ԵԽ ղեկավարը դեկտեմբերի 14-ին կհանդիպի Փաշինյանին և Ալիևին

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին եռակողմ հանդիպում կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին Բրյուսելում հայտարարել է Եվրախորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին ընդառաջ, որը կայանալու է դեկտեմբերի 15-ին։

«Եվրախորհրդի նախագահը դեկտեմբերի 14-ին սկզբից երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։ Նույն օրը երեկոյան նա եռակողմ հանդիպում կանցկացնի նրանց հետ»,- ասել է Միշելը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ դիվանագետի, առաջիկա հանդիպման նպատակն է օգնել երկու երկրին անմիջական շփում հաստատել և բարելավել հարաբերությունները։

«Մենք ջանադրաբար աշխատում ենք ՀՀ և Ադրբեջանի հետ՝ բարձրացնելու համար վստահության մակարդակը նրանց միջև՝ հիմնվելով երկու երկրների ՊՆ ղեկավարների միջև հաստատված ուղիղ կապի վրա, որը հաջողությամբ հաստատվել է մի քանի շաբաթ առաջ»,-ասել է նա։

Ինչպես ակնկալվում է, եռակողմ հանդիպման ավարտին համատեղ հայտարարություն կարվի։