ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հաստատել է տեղեկությունները, որ հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Պատգամավորը նշել է, որ իրավական որևէ կարգավիճակ ներկա պահին չունի։
«Դեռ այդ փուլին չի հասել, որ որպես վկա կամ այլ կարգավիճակով կանչեին։ Պարզապես բացատրություն են վերցրել»,– ասել է նա` հավելելով, որ ԱԱԾ է հրավիրվել երկու օր առաջ` կապված դեկտեմբերի 7-ին խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ։ Թե ինչ բացատրություն է տվել ու ինչպես է մեկնաբանել տեղի ունեցած միջադեպը, Հակոբյանը չի ցանկացել նշել։
Դեկտեմբերի 7-ի դեպքի շրջանակում խորհրդարանի իշխանական ու ընդդիմադիր մյուս խմբակցություններից թե ուրիշ ովքեր են հրավիրվել ԱԱԾ, Հրաչյա Հակոբյանը տեղյակ չէ։
Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Ինչպես լրագրողներին պատմել էր ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գևորգյանը, ծեծկռտուքը տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։ Դրան, ըստ Գևորգյանի, մասնակցել են ՔՊ–ականներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը։