14 դեկտեմբերի 2021 - 18:18 AMT
ԿԲ նախագահ․ Ներկայիս 9.6% գնաճի փոխարեն տարեվերջինը կկազմի 8.4%

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ ներկայիս 9.6 տոկոս գնաճի փոխարեն տարեվերջին այն կկազմի 8.4 տոկոս։

«Ձևավորված բարձր գնաճային սպասումների մեղմման և գնաճի թիրախի ապահովման նպատակով գործընկեր երկրների կենտրոնական բանկերը շարունակում են խստացնել դրամավարկային պայմանները։ Այս պարագայում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է գնաճային ազդեցության ավելացում»,-նշել է Գալստյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

ԿԲ նախագահը նշել է, որ, հաշվի առնելով արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցությունների էական ավելացումը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է համարում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույթը։

Նա նաև ասել է, որ Հայաստանը 2021 թվականը կավարտի 4.2 տոկոս տնտեսական աճով։

Դեկտեմբերի 14-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75%: Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 9.25%: ԿԲ կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 6.25% է: