15 դեկտեմբերի 2021 - 14:00 AMT
Ալիև. ԼՂ կարգավիճակի շուրջ քննարկումներին վերադարձ չի լինելու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է և որ ԼՂ կարգավիճակի շուրջ «քննարկումներին վերադարձ չի լինելու»։ Այդ մասին նա ասել է իսպանական El Pais-ին տված հարցազրույցում, գրում է Interfax.az-ը։

«Ադրբեջանի դիրքորոշումը բաց ու հստակ է` մենք խաղաղություն ենք ուզում, մենք պատերազմ չենք ուզում: Մենք հաղթել ենք պատերազմում և այդ իրողության հետ պետք է հաշվի նստել: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, չկա վերադարձ Ղարաբաղի կարգավիճակի կամ նման մի որևէ բանի շուրջ քննարկմանը»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ Ադրբեջանը լուծել է հակամարտությունը ռազմաքաղաքական միջոցներով։

Ալիևն ասել է նաև, որ այժմ իրավիճակը Ղարաբաղում, որտեղ ժամանակավորապես ռուս խաղաղապահներ են տեղակայված, առավել կայուն է, քան ՀՀ և Ադրբեջանի սահմանին։

«Ցավոք, Հայաստանը չի հրաժարվել ռևանշի փորձից։ Նրանց համար պարտությունը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում շատ ցավոտ էր»,- ասել է նա:

Ալիևը կրկին ասել է, թե Հայաստանը պետք է զերծ մնա «թշնամական գործողություններից և տարածքային հավակնություններից» և աշխատի խաղաղության պայմանագրի վրա: «Մենք պետք է աստիճանաբար հող նախապատրասենք հարաբերությունների կարգավորման համար, այդ թվում մարդկային շփումների: Մենք բաց հայտարարել ենք, որ պատրաստ ենք դրան: Բայց առայժմ դրական ազդակներ չենք ստացել»,- ասել է Ալիևը: