ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, կալանքից նոր ազատված Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, որն առաջին անգամ է մասնակցում խորհրդարանի նիստին, երդվել է՝ ստանձնելով պատգամավորական մանդատը և իր առաջին կոչն է հնչեցրել՝ ազատություն Առուշ Առուշանյանին, Մանվել Փարամազյանին և ապօրինի ձերբակալված իր մյուս գործընկերներին։
ԱԺ ընտրություններին «Հայաստան» դաշինքի կազմում մասնակցած Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը մի քանի ամիս է, ինչ կալանավորված է, հրաժարավել է պատգամավորական մանդատից՝ հաղթելով ոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում իր առաջնորդած ուժի՝ «Առուշանյան» դաշինքի կազմում։ Նա մեղադրվում է ընտրական խախտումների մեջ։
Կալանքի տակ է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, որը մեղադրվում է 2 գործով՝ պաշտոնեական կեղծիքի, յուրացման, կաշառք ստանալու և մարդու առևանգում կազմակերպելու մեջ։
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման` երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»,-ասել է նա:
Ավելի վաղ Սահմանդրական դատարանը հրապարակել է որոշումը պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ՝ փաստելով, որ անձը, պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։ Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո փոխվել է Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը և նրանք ազատ են արձակվել։