16 դեկտեմբերի 2021 - 18:53 AMT
Սիմոն Մարտիրոսյանը` ԱԱ բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Նա մրցապայքարին մասնակցում էր 109 կգ քաշային կարգում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Պոկում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրել է 188 կգ և դարձել փոքր արծաթե մեդալակիր։ Սիմոնն առաջին փորձից գլխավերևում պահել է 188 կիլոգրամանոց ծանրաձողը, այնուհետև երկրորդ և երրորդ մոտեցումների ժամանակ չի կարողացել բարձրացնել 193 և 196 կիլոգրամանոց ծանրաձողերը։

Մարտիրոսյանը հրում վարժությունում հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը, բարձրացրել 228 կգ և երկամարտում դարձել բրոնզե մեդալակիր։ Սիմոնը երկու անգամ չի կարողացել բարձրացնել 237 կիլոգրամանոց ծանրաձողը։

Դեկտեմբերի 17-ին գերծանր քաշային կարգի ծանրորդների մեջ մեդալների համար ՀՀ հավաքականից կպայքարեն Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը: