28 մարտի 2009 - 16:03 AMT
Գյուղական ճանապարհների շինարարության ծրագիրը կմեղմացնի Հայաստանի վրա համաշխարհային ճգնաժամի հետեւանքները
«Ճանապարհների շինարարության ոլորտում մենք որոշ հնարավորություններ ունենք, որոնք կմեղմացնեն Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ճգնաժամի հետեւանքները», շաբաթ օրը կայացած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտարարել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Ինչպես բազմիցս նշվել է, համաշխարհային ճգնաժամն ազդել է նաեւ Հայաստանի տնտեսության վրա, ասել է նախարարն ու ավելացրել, որ տրանսպորտը, ճանապարհների շինարարությունն ու կապը Հայաստանի տնտեսության մի մասն են, ուստի եւ, ճգնաժամն այդ ոլորտն էլ չի շրջանցի:
Սարգսյանը հաղորդել է, որ այդ ուղղությամբ պայմանավորվածություններ գոյություն ունեն նաեւ մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, որոնք ենթադրում են խոշոր ֆինանսավորում ճանապարհների շինարարության ոլորտում:«Հայաստանը ՀԲ-ի կողմից առաջին չափաբաժինը կստանա ապրիլի վերջին եւ անմիջապես կսկսվի ճանապարհների շինարարությունը», - ասել է նա: Ինչպես հաղորդել է Սարգսյանը, ֆինանսավորման շուրջ բանակցությունների գործընթացը տեւել է ընդամենը 2 ամիս, քանի որ երկրի կառավարության խնդրանքով, ՀԲ-ն ընդառաջել է եւ արագացրել պայմանագրի կնքման գործըթնացը:
Տրանսպորտի եւ կապի նախարարը տեղեկացրել է, որ 100 կմ երկարությամբ գյուղական ճանապարհների շինարարության ֆինանսավորման նպատակով նախատեսվում է 30.4 մլն դոլար հատկացնել, որոնցից 25 մլն դոլարը կտրամադրվի ՀԲ-ի կողմից: