Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանի երդմնակալությունը տեղի է ունեցել արտասովոր պայմաններում:
Ոստիկանությունը փակել է Փարաքարի համայնքապետարանի մուտքը և թույլ չի տվել Վոլոդյա Գրիգորյանին ներս մտնել, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Համայնքապետի թեկնածուն էլ երդվել է Մշակույթի տան դիմաց տեղադրված ամբիոնի մոտ: Վոլոդյա Գրիգորյանն իր աջակիցների դիմաց ընթերցել է համայնքապետի լիազորությունների ստանձնման երդման տեքստը:
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրներ Մեսրոպ Առաքելյանը և Մանե Թանդիլյանը փորձել են ոստիկաններից պարզաբանում ստանալ՝ ինչո՞ւ թույլ չեն տալիս մտնել համայնքապետարան, ոստիկանները որևէ հիմք չեն ներկայացրել, միայն ասել են, թե ժամանակավորապես մուտքն արգելված է:
Փարաքար խոշորացված համայնքում միանգամից երկու թեկնածու՝ «Դավիթ Մինասյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյանը և «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը հայտարարել են, որ ընտրվել են համայնքի ղեկավար:
Դեկտեմբերի 23-ին նախատեսված է երկու նոր համայնքապետի երդմնակալության արարողությունը:
ՏԻՄ ընտրության արդյունքներով առաջատարը «Ապրելու երկիր» կուսակցությունն էր, որը ստացել էր ձայների 48.94%-ը, «Դավիթ Մինասյան» դաշինքը ստացել էր 23.51%, իսկ ՔՊ-ն 27.54%-ը և որևէ կուսակցություն մեծամասնություն չէր կազմել: ՔՊ-ն և «Դավիթ Մինասյան դաշինքը» առաջադրել են Դավիթ Մինասյանի թեկնածությունը։