28 մարտի 2009 - 18:05 AMT
Սկսվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Օբամային հղված ուղերձում ստորագրությունների հավաքումը
Miasin ինտերնետ-ընկերակցությունը եւ Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը սկսում են Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ Կոնգրեսին հղված ուղերձում ստորագրությունների հավաքումը: Ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Պարոն Նախագահ: Հայ ժողովուրդը մեծ ոգեւորությամբ է հետեւել Ձեր նախընտրական քարոզարշավին եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին Ձեր եւ Ձեր աշխատակազմի բարձրաստիճան անդամների նախընտրական հայտարարություններին: Մենք վստահ ենք, որ դուք ձեր խոսքի տերը կլինեք, եւ ապրիլին 24-ի ավանդական ուղերձում մեր ժողովրդի դեմ կատարված հանցագործությունը Ցեղասպանություն կանվանեք: Մենք` առավելապես Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թթ. Ցեղասպանություն վերապրած եւ իրենց Հայրենիքը հարկադրաբար լքած հայերի սերունդներից կազմված հայկական սփյուռքի ներկայացուցիչներս, դիմում ենք Ձեզ` մեր ժողովրդի դեմ կատարված հանցագործությունը Ցեղասպանություն ճանաչելու կոչով: 1915 եւ 1923 թթ. ընկած ժամանակահատվածում թուրք կառավարիչների կողմից կազմակերպված եւ պլանաչափորեն իրագործված հայերի ոչնչացումը հանգեցրել է այն տարածության մեծ մասում հայկական ներկայության լիակատար ոչնչացմանը, որտեղ կազմավորվել եւ հազարամյակներով բնակվել է հայ էթնոսը: Հայոց ցեղասպանության բազմաթիվ եւ անհերքելի փաստերն ու վկայությունները չեն կարող կասկածի ենթարկվել կամ այլ մեկնաբանություններ ստանալ: Դեռեւս Ցեղասպանության իրականացման տարիներին շատ համաշխարհային տերություններ հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի գործողությունները որակել էին որպես «մարդկության դեմ կատարված հանցագործություն» եւ դատապարտել էին այդ հանցագործության կազմակերպիչներին»:

Փաստաթղթում ընդգծվում է, որ իրենց պատմական հայրենիքում հայերի ոչնչացումը շատ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչվել է որպես Ցեղասպանություն, իսկ որոշ երկրներում Ցեղասպանության պատմական փաստի հերքման համար քրեական պատասխանատվություն է կիրառվում:

«Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել է ԱՄՆ-ի 50 նահանգներից 40-ը, որոնք ապրիլի 24-ը հայտարարել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Մենք գտնում ենք, որ եկել է Ձեր խոսքն ասելու ժամանակը: Միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության փաստի հաստատումը մեծ նշանակություն ունի ոչ միայն որպես հայ ժողովրդի նկատմամբ արդարության դրսեւորում, այլեւ այն բանի համար, որպեսզի ապագայում նման ողբերգություն տեղի չունենա մեր երկրագնդի ոչ մի այլ ժողովրդի հետ: ԱՄՆ-ի սկզբունքային դիրքորոշումը Ցեղասպանության ճանաչման հարցում նաեւ կապացուցի, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը հակաթուրքական դիրքորոշման դրսեւորում չէ, այլ բխում է որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն Ցեղասպանության դատապարտման անհրաժեշտությունից: Դեռ ավելին, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավումը պետք է հիմնվի ճշմարտությունն ու արդարությունը հարգելու, այլ ոչ մոտ անցյալում կատարված ողբերգական իրադարձությունները լռության մատնելու վրա», - նշում են ուղերձի հեղինակները: