Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Կառավարության ղեկավարը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ, հավանաբար, Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում ոչ պաշտոնական շփում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա հավելել էր, որ քանի որ գագաթնաժողովը ոչ պաշտոնական է, ապա բոլոր շփումները կլինեն ոչ ֆորմալ։ «Բայց որևէ շփում միանշանակ կլինի, թե ինչպես՝ տեղում կերևա, ըստ իրավիճակների, ըստ հանգամանքների», – ասել է Փաշինյանը:
Վերջին շրջանում Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են նոյեմբերի 26-ին Սոչիում և դեկտեմբերի 14-ին և 15-ին Բրյուսելում՝ միջնորդների մասնակցությամբ։